«Կրթությունը քաղաքակրթության մակարդակը բարձրացնող հիմնական ուժն է: Կրթության ուժը կարող է զորացնել ամենից թույլերին, խաղաղություն բերել աշխարհին և վերացնել աղքատությունը: Հաճախ այն միակ լապտերն է, որ լուսավորում է դեպի երջանկություն տանող ճանապարհը»:
~ Շրի Շրի Ռավի Շանկար
Համառոտ
«Ապրելու Արվեստն» անվճար, բազմակողմանի և համամարդկային արժեքների վրա հիմնված կրթություն է տրամադրում այն երեխաներին, ում համար մատչելի չեն կառավարության կամ մասնավոր հիմնադրամների ծրագրերը:
Տրամադրված կրթության արդյունավետությունը չափվում է հետևյալ կերպ՝
- երեխայի ակադեմիական առաջադիմությունը
- երեխայի ընդհանուր հաջողություններն ու բավարարվածությունը
- երեխայի զարգացումը կյանքի բոլոր ասպարեզներում՝ սոցիալական, հոգեբանական, նյութական
Մոտեցումը և մարտահրավերները
«Ապրելու Արվեստի» դպրոցներից շատերը գործում են հեռավոր շրջաններում, որտեղ հասնելը բարդ է և որտեղ ընտանիքների ծանր ֆինանսական վիճակի պատճառով երեխաները հարկադրված դուրս են մնում դպրոցից, որպեսզի գումար աշխատեն: Որոշ շրջաններում, որտեղ ապստամբական շարժումներ կան, առկա են նաև անվտանգության խնդիրներ:
«Ապրելու Արվեստի» դպրոցների տրամադրած կրթության հիմքում համամարդկային արժեքներն են, իսկ երեխաների մտքի ճկունությունը զարգացնելու համար կիրառվում են նաև յոգա, մեդիտացիա և այլ տեխնիկաներ: Կրթական մեթոդաբանությունը խթանում է ճանաչողական, ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական և հոգևոր աճը՝ երեխաներին տրամադրելով համակողմանի, ամբողջական կրթություն:
Դպրոցները դասակարգվում են երեք տեսակի՝ գյուղական, բնիկ համայնքների և քաղաքային արվարձանների:
Գյուղական դպրոցներ
Գյուղական դպրոցները գործում են քաղաքներին համեմատաբար մոտ գտնվող գյուղերում, որոնք սովորաբար էլեկտրականություն ունեն և մոտ են մայրուղիներին: Դպրոց հաճախելը խրախուսելու համար երեխաներին տրամադրվում են անվճար տրանսպորտ, սնունդ, համազգեստ, գրքեր ու պայուսակներ, ծնողների հետ էլ աշխատանք է տարվում կրթության կարևորությունը բացատրելու համար: Դպրոցների հաճախումը 98% է, դուրս մնացողներ չկան:
Բնիկ համայնքների դպրոցներ
Հնդկաստանում բնիկ (կամ ցեղախմբային) են անվանում այն փոքր խմբերին, որոնց էթնիկ ծագումը, մշակույթն ու կենսակերպը տարբերվում է հնդկական հասարակության մեծամասնության շրջանում տարածված նորմերից: Նրանք հիմնականում բնակվում են հեռավոր վայրերում, անտառների մոտակայքում, որտեղ չկան ճանապարհներ և չկա էլեկտրականություն: Նրանց մեծ մասը տնտեսապես ծանր վիճակում է, իսկ բնիկ համայնքների՝ հազարամյակների ավանդույթ ունեցող մշակույթները ոչնչացման վտանգի տակ են:
Բնիկ համայնքների համար առաջին դպրոցները հիմնադրվել են 1999-ին Արևմտյան Բենգալիայի Ջհարքանդ բնակավայրում և Տրիպուրայում, այժմ գործում է 20 դպրոց տարբեր բնիկ համայնքներում, որտեղ սովորում է շուրջ 2800 երեխա: Այս դպրոցներում հաճախումների մակարդակը 97% է, դուրս է մնում մոտ 15%-ը: Աշակերտների 48%-ն աղջիկներ են, ինչն անսովոր բան է այս շրջանների համար: Ուսուցիչները նույնպես տեղաբնիկներ կամ տվյալ տարածաշրջանի բնակիչներ են, որոնք վերապատրաստվում են Ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտում:
Քաղաքային արվարձանների դպրոցներ
Քաղաքային արվարձաններն իրենց յուրահատուկ խնդիրներն ունեն, ինչպիսիք են աղքատությունը, հիգիենայի խնդիրները և գերխիտ բնակեցվածությունը: Արվարձանների երեխաները հաճախ թերսնված են և հայտնվում են հանցագործության ու բռնության ճիրաններում: Արվարձանները գտնվում են քաղաքների հենց սրտում, և պատանիների մտքի վրա մշտապես ազդում է քաղաքային բնակիչների և արվարձանի միջև ճչացող անհավասարությունը: Անվճար կրթության պակասը երեխաներից շատերին խոցելի է դարձնում ալկոհոլի, թմրանյութերի և հանցավորության միջոցով գումար աշխատելու նկատմամբ:
Արդյունքում
Ավելի քան 53,361 աշակերտ անվճար կրթություն է ստանում Հնդկաստանի 20 նահանգների 422 դպրոցում
այս երեխաները գյուղական վայրերից, բնիկ համայնքներից կամ քաղաքային արվարձաններից են, որտեղ աղքատությունն ու մանկական աշխատանքի շահագործումը լայնորեն տարածված են:
Շատերն իրենց ընտանիքի պատմության մեջ առաջին սերունդն են,
որ կրթություն են ստանում:
Երեխաների աշխատանքային շահագործումն ու մանկական ամուսնությունները
նվազում են այն գյուղերում, որտեղ գործում են «Ապրելու Արվեստի» դպրոցները: