Օգնություն բնական աղետից տուժածներին

«Ապրելու Արվեստ» հիմնադրամը բազմակողմանի մոտեցում է որդեգրել բնական աղետից տուժածների վիճակը թեթևացնելու համար: Կամավորների լայն ցանցի շնորհիվ կազմակերպությունը կարողանում է շատ արագ արձագանքել աշխարհի տարբեր վայրերում վրա հասած աղետներին:

«Մինչև տրավման չբուժվի, սնունդն ու դեղերը չեն աշխատի: Մարդիկ ի վիճակի չեն ուտելու կամ քնելու, որովհետև նրանց միտքը լցված է իրենց գլխին պատուհասած սարսափելի ողբերգությամբ: Ապաքինող հպումը, աջակցությունը և կյանքը շարունակելու տեսլականն օգնում են մարդկանց նորից ոտքի կանգնել»:

~ Շրի Շրի Ռավի Շանկար

Չնայած ճգնաժամի պահերին սննդամթերք, դեղորայք և այլ նյութական օգնություն հասցնելն առաջնահերթություն է, սակայն «Ապրելու Արվեստը» գիտակցում է, որ ամբողջական վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տրավմայի հետ աշխատում ես էմոցիոնալ մակարդակում:

«Ապրելու Արվեստի»՝ բնական աղետներից տուժածներին օգնություն ցույց տալու մոտեցումը եռաճյուղ է

  • Հրատապ - սա ներառում է նյութական օգնություն, անհրաժեշտ սննդամթերքի, հագուստի, դեղորայքի ու ժամանակավոր կացարանների տրամադրում: Այս գործում սովորաբար մեծ ջանքեր են ներդնում բժիշկները, հոգեբանները և ֆիզիկական օգնության աշխատողները:
  • Կարճաժամկետ - տրավմայի մեղմացման ծրագրեր, որոնք տուժածներին օգնում են հաղթահարելու էմոցիոնալ սթրեսը: Սրանք շնչառական տեխնիկաներ են, որոնք հանգստացնում են միտքը, բարելավում են քունը և նվազեցնում են դեպրեսիայի մակարդակը:
  • Միջնաժամկետ և երկարաժամկետ - երբ մարդիկ կենսակայուն ապագա ունեն, աղետի հետևանքներն իրապես հաղթահարված կարելի է համարել: Կամավորներն աշխատում են տեղական համայնքների հետ, կառուցում են տներ, սանհանգույցներ, ճանապարհներ, դպրոցներ, տեխնիկական ուսուցման կենտրոններ և այլ անհրաժեշտ ենթակառույցներ:
  • Ցունամի Հնդկական օվկիանոսում (2004)
  • 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հյուսիսային Սումատրայի արևմտյան ափին տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 9.0 բալ հզորությամբ երկրաշարժ: Այն ցունամիի մի քանի ալիք առաջացրեց, որը տարածվեց ամբողջ Հնդկական օվկիանոսով՝ Ինդոնեզիայից մինչև Աֆրիկայի արևելյան ափերը՝ 14 երկրներում դառնալով 230,000 մարդու մահվան պատճառ: Սա պատմությանը հայտնի ամենասարսափելի բնական աղետներից մեկն էր:

    Հրատապ

    • Աղետից հետո ժամերի ընթացքում 500-ից ավելի կամավոր գործի անցավ՝ Հնդկաստանից սնունդ, հագուստ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելով տուժածներին:
    • 250 տոննա օգնության պարագաներ և 100,000 լիտր խմելու ջուր ուղարկվեց Շրի Լանկա:
    • Կազմակերպվեցին բժշկական ճամբարներ՝ աղետի հետևանքով առաջացած հիվանդությունները բուժելու համար:

    Կարճաժամկետ

    • Հնդկաստանի հարավում 50,000-ից ավելի մարդու համար տրավմայի թեթևացմանն ուղղված ծրագրեր անցկացվեցին:
    • «Ապրելու Արվեստը» ճանաչվեց որպես տրավմայի թեթևացմանն ուղղված ծրագրեր իրակացնող պաշտոնական կազմակերպություն:
    • Շրի Լանկայում անցկացվեցին տրավմայի թեթևացման և հոգեբանական խորհրդատվության ծրագրեր, որոնք օգնեցին 20 քաղաքում բնակվող 25,000-ից ավելի մարդու:

    Միջնաժամկետ և երկարաժամկետ

    • Հիմնադրվեցին միջին մանագիտական կրթության կենտրոններ՝ այլընտրանքային կենսապահովման միջոցներ հոգալու հմտություններ սովորեցնելու համար:
    • Թամիլ Նադու նահանգի բնակավայրերից մեկում հիմնադրվեց նախադպրոցական և դպրոցական հաստատություն, որը 10-ամյա կրթություն է տրամադրում և որտեղ սովորում է 600 աշակերտ:
    • Շրի Լանկայում հիմնադրվեց մեկ մանկատուն-դպրոց:
    • Վերակառուցվեց 104 տուն: Աշխատանքներին մասնակցեցին նաև տեղի բնակիչները, ինչը կարևոր էր նրանց ինքնագնահատականի վերականգնման համար:

    «Ապրելու Արվեստը» նման աշխատանքներ է տարել նաև աղետից տուժած այլ վայրերում

    • Սիչուանի երկրաշարժ (2008 թ. մայիս)
    • Կաշմիր-Պակիստանի երկրաշարժ (2005 թ. հոկտեմբեր)
    • Գուջարատի երկրաշարժ, Հնդկաստան (2001 թ. հունվար)
    • Բիհար, Հնդկաստան (2008 թ. սեպտեմբեր)
    • Մումբայ, Հնդկաստան (2005 թ. հուլիս)
    • Ջրհեղեղ Հնդկաստանի արևելյալ շրջաններում (2008)
    • Սուրատի ջրհեղեղներ, Հնդկաստան (2006 թ. օգոստոս)
    • Կատարինա փոթորիկ, ԱՄՆ (2005 թ. օգոստոս)
    • Ցունամի (2004 թ. դեկտեմբեր)
    • Բամի երկրաշարժ, Իրան (2003 թ. դեկտեմբեր)
    • Ջակարտայի ջրհեղեղներ (2002 թ. հունվար և 2007 թ. փետրվար)
    • Էլբա գետի վարարում, Գերմանիա (2002 թ. օգոստոս)
    • Օրիսա ցիկլոն, Հնդկաստան (1999 թ. հոկտեմբեր)